Արմինֆո. Ժողովուրդը պետք է հավատա, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավատում է արդյոք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է դարձել:
«Ժողովուրդը պետք է հավատա: Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերին, եթե Օհանյանը ցանկանում է արդարանալ, որ 2008 թ. մարտի 1-ին բանակն ուղղել է ժողովրդի դեմ, թող ճշմարտությունն ասի: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բանակն օգտագործվել է ժողովրդի դեմ: Կան անհերքելի փաստեր և ապացույցներ»,- նշել է Զուրաբյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի օրակարգում կլինի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի բացահայտումը, հայտարարել էր, որ քաղաքական միավորումը կգործի բացառապես օրենքի շրջանակներում: «Եթե կան ինչ-որ բացթողումներ, որոնք եղել են ու մինչ օրս չեն բացահայտվել, մենք անպայման մեր ուժը կներդնենք դրա բացահայտման համար»,-ընդգծել է նա: Օհանյանը խոստովանել է նաև, որ ներկայումս Հայաստանում կան քաղբանտարկյալներ: