Արմինֆո. «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ապրիլի խորհրդարանական ընտրություններում կպայքարի ոչ թե խորհրդարան անցնելու, այլ ծանրակշիռ ներկայության համար: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«Որքան Աստված տա, այնքան տոկոս էլ կստանանք: Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, մի ասա հոպ, քանի դեռ չես ցատկել: Մենք չենք պայքարելու խորհրդարան մտնելու համար: Կձգտենք մեծ բարձունքների», - ընդգծել է նա: Ընդ որում քաղաքական գործիչը չի բացառել նախընտրական համագործակցությունը «Ծառուկյան», «Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների հետ:
«Հայկական վերածնունդը» պատրաստ է նախընտրական կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե ծանրակշիռ ազդեցություն ունենա որոշումների կայացման վրա: Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իշխանությունն այլևս չպետք է ձևավորվի մեկ կուսակցության կողմից: Մինույն ժամանակ, չպետք է ստեղծվեն արհեստական կոալիցիաներ, դրանք պետք է լինեն իրական», - ընդգծել է նա, ընդսմին հայտարարիելով, թե իր թիմը մրցունակ է և կարող է հասնել հաջողության:
Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը մտադիր չէ մնալ ընդդիմություն: «Մենք պայքարում ենք իշխանություն դռանալու համար, որպեսզի կյանքի կոչենք մեր ծրագրերը», - ընդգծել է նա: Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ ՀՎԿ հանդես է գալիս ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա շուրջ ձևավորված քաղաքական համակարգի, այդուհանդերձ, չբացառելով կառավարող ՀՀԿ հետ համագործակցության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին «թունդ ընդդիմադիր» ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ընտրություններից անմիջապես հետո հարեց ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանին և հետագայում դաշինք կազմեց կառավարող ՀՀԿ հետ: Նա զբաղեցրեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նա նույնպես հրաժարական տվեց: Եղած տեղեկությունների համաձայն, Բաղդասարյանը հավակնում էր կառավարության ղեկավարի պաշտոնին, սակայն նախագահը չբավարարեց նրա ցանկությունը: Արդեն 2014 թվականի ապրիլին կուսակցությունն իրեն կրկին ընդդիմություն հռչկեց: 2015 թվականի հունիսի 6-ից Բաղդասարյանը նախաձեռնեց «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման ստեղծում, ինչը, քաղաքագետների կարծիքով, ՕԵԿ յուրօրինակ ռեբրենդինգ էր խորհդարանական ընտրությունների նախաշեմին: