Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում:
«Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները՝ մասնավորապես ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով, հանձնարարում եմ 1-շաբաթյա ժամկետում՝ ՀՀ ոստիկանությանը, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ կառավարության 1268-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում: ՀՀ ֆինանսների նախարարին՝ քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Նշենք, որ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն մինչև 2020 թվականը մտադիր է կրկնապատկել զբոսաշրջիկների ներհոսքը դեպի Հայաստան: 2016 թվականը Հայստանի զբոսաշրջության ոլորտը եզրափակեց 5,7% աճով: Այս մասին փետրվարի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ նշելով, որ տարվա արդյունքներով հանրապետություն է ժամանել 2.867 մլն օտարերկրացի, որից 1.259 մլն-ը` զբոսաշրջության նպատակով: