Արմինֆո.Ազատամարտիկների դաշինքը» միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության առջև վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով` ԱԴ-ն, հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթներին, որոշեց՝
Այս շրջադարձային ու բախտորոշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը:
Ելնելով վերը շարադրվածից՝ ԱԴ-ն հայտարարում է՝ չնայած մեկ միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու նպատակով մեր գործադրած ջանքերը իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով՝ հայտարարում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին՝ միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը շահագրգիռ և ընդդիմադիր դաշտից հանդես եկող բոլոր քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա ԱԺ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել են խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին համաձայնագիր: Այդ դաշինքին են միացել նաև «Արդարություն» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաև «Միավորված հայեր» և «Անկախ դատավոր» հասարակական կազմակերպությունները: Իսկ ավելի վաղ այս դաշինքի հետ համագործակցությունից հրաժարվեցին «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: