Արմինֆո. Այսօր Թալիշստանն ապրում է այն, ինչ ժամանակին Լեռնային Ղարաբաղն է ապրել: Այդ մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է
թալիշ լրագրող Շահին Միրզոևը, ով օրերս իր ընտանիքի հետ ապաստարան է ստացել Հայաստանում:
Միջոցառմանը մասնակցում են լրագրող, ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքկանության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և այլոք:
«Թալիշներն Ադրբեջանում փաստացի գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ, ովքեր փորձում են ինչ-որ կերպ խոչընդոտել դրան, խստորեն պատժվում են: Սեփական հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և դասագրքեր ունենալու թալիշների ցանկությունը Բաքվում որպես անջատողականություն է որակվում: Այդ մասին խոսողներին ժողովրդի թշնամիներ են հայտարարում և բանտարկում «թմրանյութ տարածելու» համար»,- նշել է նա:
Բաքվի նման քաղաքականության հետևանքով վերջին տարիներին ավելի քան
300000 թալիշ է լքել Ադրբեջանը, և այսօր, ըստ նրա, Թալիշում երկրորդ Ղարաբաղ է հասունանում: Միրզոևը նշել է, որ այսօր Ադրբեջանում ավելի քան 2 մլն թալիշ է ապրում, որոնց ոչնչացնել հնարավոր չէ: «Կարծում եմ, որ Հայաստան գալով չեմ սխալվել՝ փրկվելով մահվան ճիրաններից»,- ասել է Միրզոևը: