Արմինֆո. Ֆրանսիան և Հայաստանն ընտրությունների շեմին են գտնվում, որոնց ելքը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ամեն բան կախված է առաջիկա ընտրությունների արդյունքներից: Հայաստանի և Ֆրանսիայի միջև զուգահեռներ անցկացնելը բարդ է, քանի որ մեր երկրները քաղաքական տարբեր համակարգեր ունեն: Հայաստանն ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրականացրել և անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևի, մինչդեռ Ֆրանսիան հավատարիմ մնաց նախագահական ձևին: Նախագահ ընտրելը դժվար կլինի: Համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված կլինի ապրիլի վերջին կիրակի օրը ընթացող գործընթացների վրա /ապրիլի 30-ին Ֆրանսիայի նախագահի ընտրություններ են-Խմբ./:
Անդրադառնալով Հայաստանի ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը՝ դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այդ քայլն ամենից առաջ երկրում ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում, որպեսզի հայ ընտրողը կարողանա գալ և ազատ, անկախ ընտրություն կատարել: «Այդ իսկ պատճառով ԵՄ-ն որոշել է այդ հարցում աջակցել Հայաստանին և $7 մլն հատկացնել այդ նպատակի իրականացման համար»,- նշել է դիվանագետը: Ըստ որում, նա հայտնել է, որ Ֆրանսիան երկկողմ փոխգործակցության շրջանակներում նպատակահարմար չի համարել այդ հարցի առնչությամբ միջոցների հատկացումը: Սակայն, Շարպանտիեն հիշեցրել է, որ ֆրանսիացի հարկատուների միջոցների 18 %-ն ուղղվում է ԵՄ, հետևաբար՝ Ֆրանսիայի կողմից այդ նախագծին ուղղվել է շուրջ $1 մլն:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի:
Հիշեցնենք, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին դրույթն ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում, որն ընդունվել է ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Այդուհանդերձ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կարող են չլինել տեսախցիկներ, քանի որ դեռ չի գտնվել այն կազմակերպությունը, որը կիրականացնի տեխնիկական վերահսկողության համակարգի ծրագրավորում և տեղադրում: