Արմինֆո.Նոր տարանցիկ միջանցքների բացման հարցի շուրջ համաձայնության ձեռք բերումը կախված է ոչ միայն Մոսկվայից ու Թբիլիսիից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Փետրվարի 8-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե Վրաստանով նոր տարանցիկ միջանցք բացելու համար մնացել է վերջին, ամենադժվար քայլը, ընդգծելով, որ 2011 թվականի համաձայնագրերի իրագործմամբ շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանն ու Վրաստանը, այլև` Հայաստանը:
«ՌԴ և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» 2011 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան առևտրային միջանցքների անցումը՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ, որոնք կվերահսկեն և կմակնշեն բեռների հոսքը:
«ԱՄՆ նոր նախագահի ընտրվելու առնչությամբ միջազգային գործընթացների բնույթը փոքր-ինչ փոխվել է: Այդ լույսի ներքո արդիականությունը կորցնում են մինչ այդ գոյություն ունեցող նախագծերը: Եվ շատ երկրներ փորձում են նոր պայմաններում վերաիմաստավորել իրենց քաղաքականությունը` երբեմն հեռանալով արդեն սովորական դարձած մոտեցումներից», - նշել է նա:
Այդ համատեքստում վերլուծաբանը ենթադրել է, որ այսօր Վրաստանն էլ է փորձում վարել ավելի հաշվեկշռված քաղաքականություն, քանի որ Արևմուտքի վրա միանշանակ խաղադրույքն, ըստ երևույթին, բարդ խնդիրներ է ձևավորել այդ երկրի համար:
«Ռուսաստանն, անշուշտ, չի կարող չօգտվել այդ հանգամանքից և չառաջարկել իր նախագծերը: Սակայն այն հարցը, թե արդյոք Մոսկվան և Թբիլիսին կկարողանան համաձայնություն ձեռք բերել, կախված է ոչ միայն երկու կողմերից: Այստեղ իրենց խոսքը կարող են ասել ադրբեջանցիներն ու թուրքերը», - ամփոփել է վերլուծաբանը:
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է «Առևտրային միջանցքների մասին» 2011 թ. պայմանագիրը կյանքի կոչելու վերաբերյալ որոշմամբ: Կարասինը, մասնավորապես, հաղորդել է «գործնական բնագավառում լուրջ առաջընթացի» մասին:
Նրա հավաստմամբ, կողմերը որոշել են քննարկել միայն այն հարցերը, որոնք, սկզբունքորեն, կարելի է լուծել «առանց անցնելու կարմիր գծերը»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը, ինչպես նաև դրանց տարածքում ռուսական զորքերի առկայությունը: Նման համակարգը կողմերին թույլ կտա շրջանցել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նրբանկատ հարցը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհը հաճախ փակվում է եղանակային պայմանների պատճառով: