Արմինֆո. Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման սկզբունքորեն նոր հարթություն է ստեղծում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Երևանում և Ստեփանակերտում դեռ լիովին չեն գիտակցում Մինսկի կողմից Լապշինին Բաքվին հանձնելու հնարավոր քաղաքական հետևանքները: Եվ, ինչպես 2016 թվականի ապրիլի 2-ին, Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները պատրաստ չէին նման սցենարի, ուստի առաջին մարտը տանուլ տվեցին: Նման պայմաններում այսօր Հայաստանի ԱԳՆ, առնվազն, պարտավոր է հրավիրել Բելառուսի դեսպանին և նրան բողոքի նոտա հանձնել», - նշել է վերլուծաբանը:
Սաֆարյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ի, Լուկաշենկոյի բիզնես-գործընկեր Գագիկ Ծառուկյանի համար այսօր ավելի կարևոր են նախընտրական արշավի կազմակերպման հարցերը: Եվ, անգամ, նման քաղաքական դասալքության պայմաններում ժողովրդի մեծ մասը, նրա գնահատմամբ, միևնույն է, ընտրություննրում կքվեարկի Սարգսյանի և Ծառուկյանի օգտին, պատճառաբանելով, թե «մյուսներն ավելի վատն են»:
Մինչդեռ Ադրբեջանը, վերլուծաբանի կարծիքով, աստիճանաբար ամրապնդում է իր դիրքիերը, և նրանց պաշտպանության համար արդեն Ռոբերտ Աբաջյաններ չկան: Այդ լույսի ներքո վերլուծաբանը հիշեցրել է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Վարդան Օսկանյանի գլխավորած ԱԳՆ Լուկաշենկոյի խնդրանքով նրա ստվերային լոբբինգ էր իրականացնում Եվրոպայում: Իսկ այսօր այդ նույն Լուկաշենկոն նրանց զրնգուն ապտակ հասցրեց:
Ադրբեջանի հարցմամբ Մինսկում ձերբակալված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը փետրվարի 8-ին արտահանձնվել է Բաքու, և Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցները նրան օդանավակայանից տարել են ձեռնաշղթայով: Նախորդ օրը Բելառուսի գերագույն դատարանն օրինական էր ճանաչել Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: