Արմինֆո. Հայաստանի իշխանությունները կշարունակեն կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը. արդեն հստակ քայլեր են ձեռնարկվել տարբեր ոլորտներում, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա մոտ ապագայում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի քննադատությանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը նոր խթան ստացավ արմատական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետանի ելույթներից հետո: Նախաձեռնվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Բացի այդ, փոխվել է մթնոլորտը. ինչպես կառավարությունը, այնպես էլ հասարակությունն ավելի անհանդուրժող են դարձել կոռուպցիայի և բացասական այլ երևույթների հանդեպ»,- ընդգծել է նա: Ըստ որում, Սահակյանը նշել է, որ նախօրեին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույնպես նշել է կոռուպցիայի և բացասական այլ երևույթների դեմ պայքարում իշխանությունների մտադրությունների լրջությունը: «Արդեն մի շարք բարեփոխումներ են իրականացվել մաքսային և հարկային ոլորտներում, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Մենք հետևողական ենք այդ հարցում, և եթե բողոքներ լինեն, որոնք անպատասխան կմնան, լիազոր կառույցները պատասխանատվություն կկրեն»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Սահակյանը նշել է նաև, որ բարեփոխումներ են իրականացվում դատաիրավական ոլորտում: Նա ընդգծել է, որ տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, իրականացվել են ոստիկանության, ԱԱԾ, դատախազության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Անդրադառնալով Երևանում հուլիսյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ դեսպանի քննադատությանը՝ պատգամավորն ընդգծել է, որ հարուցվել են գործեր, քննություն է ընթանում, և եթե ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել կամ նրանց գործողություններն անհիմն են եղել, նրանք պատասխանատվության կենթարկվեն: «Այդպիսին է գործընթացների ընթացքը ժողովրդավարական երկրներում, իսկ դեսպաններն իրենց մտահոգությամբ և օբյեկտիվ գնահատականներով միայն կարող են օգնել»,- ընդգծել է նա:
Խոսելով «սահմանադրական հանրաքվեի ժամանակ մտահոգություն հարուցող պահերի» առնչությամբ դեսպանի դիտարկմանը՝ Սահակյանը հայտարարել է, որ բարեփոխումների գործընթացը մանրամասն քննարկվել է: «Քննարկումներ են անցկացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մասնագետների հետ, որոնց արդյունքների համաձայն՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել տեքստում: Մենք քարոզարշավ անցկացնելու հնարավորություն ենք ընձեռել «Ոչ»-ի ճակատին, այսինքն՝ արվել է ամեն բան, որպեսզի գործընթացն արտացոլի հասարակությունում առկա իրական պատկերը»,- ընդգծել է նա:
Սահակյանն անդրադարձել է նաև դեսպանի հայտարարությանը, թե ահազանգեր կան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշում գործադրելու մասին: «Նախընտրական շրջանում հարկավոր է զգույշ լինել նման հայտարարություններ անելիս. պետք է բերել կոնկրետ օրինակներ կամ զերծ մնալ մեղադրանքներից»,- եզրափակել է հանրապետականը:
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, մասնավորապես, հայտարարել էր, որ վեջին 15 ամիսների ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստության տեղիք տվող միտումների է ականատես եղել ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդման ոլորտում: «Վերջերս մենք լսում ենք լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծես թե, միտված են ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը և գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն»,- ասել է դեսպանը: Նա կրկին բարձրացրել է «Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցերում կոռուպցիայի քայքայիչ ազդեցության» հարցը: Բացի այդ, դեսպանը մտահոգութուն է հայտնել հուլիսի 29-30-ը անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումների առնչությամբ: «Մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա»,- հայտարարել է դիվանագետը: ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ մտահոգության առիթ է հանդիսացել նաև անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեն: