Արմինֆո. Սփյուռքը կարևոր դեր է խաղում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այդ իսկ պատճառով ԱՄՆ հայկական համայնքի խնդրանքով «Ելք» դաշինքի անդամները /«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներ/ այս օրերին գտնվել են Լոս Անջելեսում և մի շարք հանդիպումներ ունեցել հայ համայնքի հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանը:
Նա նշել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են՝ այն առումով, որ Սփյուռքի ներկայացուցիչները, տարիներ շարունակ աջակցելով հայրենիքին, արդեն հիասթափվել են, քանի որ գիտակցում են, որ իրենց օգնությունը չի հասնում ժողովրդին, իսկ հաճախ իշխանավորների գրպաններում է հայտնվում: «Մեր մոտեցումը Սփյուռքի հանդեպ բոլորովին այլ է, մենք վերջինիս որպես դոնոր չենք դիտարկում: Սփյուռքն առաջին հերթին իր փորձով պետք էաջակցի պետության կայացմանը և ներդրումներ անի երկրի զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերում»,- նշել է Թանդիլյանը:
Անդրադառնալով դաշինքի և «Ժառանգություն» կուսակցության միջև համախմբվելու շուրջ բանակցություններին՝ Թանդիլյանը հայտարարել է, որ հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան, թեև հաշվի առնելով դաշինքի և «Ժառանգության» գաղափարախոսական ընդհանրությունները՝ ոչինչ բացառել չի կարելի: «Մինչդեռ «Ժառանությունը» կարող էր «Ելք» դաշինքի հիմնադիր անդամ դառնալ, բայց դա արդեն անցյալում է»,- նշել է նա:
Թանդիլյանը նաև հայտնել է, որ ներկայումս որոշակի բարդություններ են առաջացել դաշինիքի համար նախընտրական շտաբերի վարձակալության հարցում: «Ըստ էությա, դա նորություն չէ, դա կառավարող կուսակցության աշխատանքի մեթոդն է, Հայաստանում ֆեոդալական կարգ է տիրում, և վարչական տարածքները պատկանում են այս կամ այն իշխանավորին: Բայց դա մեզ չի մտահոգում, բոլոր իրավիճակից կգտնվի ԵԼՔ, և մենք գտել ենք այն»,- ամփոփել է Թանդիլյանը: