Արմինֆո.Կրակոցները և դիվերսիաները Արցախի, Հայաստանի, ԵԱՀԿ ՄԽ և միջազգային հանրության վրա ներգործության միակ գործիքն են մնացել Իլհամ Ալիևի ձեռքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
«Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում վերջին միտումները, համանախագահների և որոշ ժամանակից արդեն Ռուսաստանի դիրքորոշումը, ինչի մասին են վկայում այդ երկրի ԱԳՆ ղեկավար Լավրովի և ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունները, հստակորեն լուրջ գին են առաջրկում Բաքվին, որը վերջինս ստիպված է վճարել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար: Նույն բանակցային գործընթացում փաստորեն նշված է Ադրբեջանի ղեկավարության մաքսիմալիստական պահանջների անընդունելիությունը»,- նշել է նա:
Այս առումով վերլուծաբանն արձանագրում է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղությամբ լայնամասշտաբ մարտական գործողություններ նախաձեռնելու վտանգի զգալի թուլացում: Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ դիվերսիաները և հայկական դիրքերի գնդակոծություններն Իլհամ Ալիևի կողմից դժգոհության արտահայտման միակ միջոցն են, դրանց սպառնալիքը պահպանվում է:
Այս առումով վերլուծաբանն անհրաժեշտ է համարում «ալիևյան գոլորշու բացթողման» այդ հնարավորությունը կասեցնելու ուղղությամբ լուրջ աշխատանքի իրականացումը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որը, նրա կարծիքով, պետք է ստիպի Բաքվին իրագործել արդեն կողմերի և միջնորդների կողմից համաձայնեցված՝ հետաքննության մեխանիզմների ներդնումը: