Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ անհասցե հայտարարությունների և ՀԱՊԿ անատամ հայտարարությունների պատճառները պետք է փնտրել Երևանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը նահանջելիս թողել էին Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում:
«Անձամբ ինձ նման հայտարարությունները չեն զարմացնում՝ առաջին հերթին Իլհամ Ալիևի սանձազերծած ապրիլյան պատերազմի քաղաքական գնահատականների բացակայության պատճառով: Եվ քանի դեռ միջազգային հանրության այդ գնահատականները չեն հնչել, քանի դեռ Ադրբեջանն ապրիլյան բազմաթիվ զոհերի մեղավոր չի անվանվել, «քառօրյա պատերազմի» նախաձեռնողն անպատժելի կզգա իրեն: Կարծում եմ, որ նման իրողությունում բոլոր այդ հարցերի պատասխանները, ԵԱՀԿ ՄԽ-ին կամ ՀԱՊԿ-ին մեղադրելուց առաջ, հարկավոր է Հայաստանի արտաքին քաղաքականությունում փնտրել»,- նշել է նա:
Վերլուծաբանը հիշեցրել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, ով ժամանակին Իլհամ Ալիևի հանցավոր գործունեության միջազգային հասցեական գնահատականների բացակայությունը բացատրում էր այն բանով, որ «բոլորն ամեն ինչի մասին առանց այդ էլ գիտեն»՝ նման արձագանքը համարելով վկայություն այն բանի, որ պաշտոնական Երևանի համար այդ իրողությունները, ըստ երևույթին, նորմա են: