Արմինֆո. Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ:
Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Յագլանդը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը: Գլխավոր քարտուղարն իր հայտարարությունում նշել է, որ ԵԽ անմիջական մասնակցություն չունի բանակցություններին, սակայն միշտ բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ դերն այդ հարցում: «Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ: Ես գիտեմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի ռոժիմի խախտումը հանգեցրել է մարդկային զոհերի: Ավելին, ես տեղյակ եմ, որ զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը դեռ հայկական կողմի մոտ է: Ես կողմերին թախանձագին հորդորում եմ հարգել հրադադարի ռեժիմը և լիովին պաշտպանում եմ զոհվածի դիակն անհապաղ վերադարձնելու համանախագահների կոչը` 2010 թվականին Աստրախանում ձեռք բերված բարձրագույն մակարդակի պայմանավորվածություններին համապատասխան և հաշվի առնելով հարցի հումանիտար բնույթը», - ասվում է Յագլանդի հայտարարությունում:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը նահանջելիս թողել էին Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ