Արմինֆո.Տավուշում իրավիճակի սրումը և երեք երիտասարդների զոհվելը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Հայաստանի իշխանությունների պասիվության արդյունք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհն» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ` կիրառելով դիպուկահար հրացաններ և ականանետներ:
«Չեմ կարծում, թե ապրիլից հետո ստեղծված պայմաններում մենք կարող էինք այլ բան ակնկալել: Ապրիլը և, ընդհանրապես, բավականին ծանր ողջ 2016 թվականը լիովին իրավունք էին ընձեռում Հայաստանի նախագահին «հիվանդանալ»: Ի դեպ` նույնպիսի իրավունք, որից օգտվեց իր բելառուս պաշտոնակիցը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, գնաց Պետերբուրգ: Ինչի արդյունքում մենք ստացանք իրավիճակի հերթական սրում սահմանին, դիվերսիա և ականանետային գնդակոծություն: Դա նորմալ է և բնական: Այդպես էլ պետք է լիներ», - նշել է նա:
Արզումանյանն անբնական է համարում Երևանի արձագանքը մարտահրավերներին և հայոց պետականության համար սպառնալիքներին` ինքնիշխանությունը հանձնելու պատրաստակամության տեսքով: Ընդ որում, վերլուծաբանն ինքնիշխանության հանձնումը համարում է անլուծելի խնդիր ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ ուժի կենտրոնների համար: Նրա գնահատմամբ, ապրիլյան պատերազմը հայության շրջանում հրահրեց գործընթացներ, որոնց մասին իշխանությունը, որն ընդունակ չէ մտածել տվյալ կատեգորիաներով, պատկերացում անգամ չունի:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում զոհվել է 3 հայ զինծառայող` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ