Արմինֆո.ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատմել է 2017 թ. ծրագրերի մասին: «2017 թ. նախատեսում ենք ամբողջովին ավարտել 7 պատմամշակութային հուշարձանների վերակառուցումը: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ ոչ միայն ապահովել հուշարձանների պահպանումը և վերականգնումը, այլ նաև շահութաբեր օբյեկտների վերածել դրանք, որոնց շուրջ կզարգանա որակյալ ենթակառուցվածք»,- նշել է նախարարը:
Նա նաև ուրախությամբ հայտնել է, որ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու երազանքն իրականություն է դառնում: Նրա խոսքով, 2017 թվականը կլինի մշակույթի տարի:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նոր տնօրեն կունենա: Նրա խոսքով, հաստատությունում աուդիտն ավարտվել է, կառույցի ներկայիս տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այժմ բուժվում է հիվանդնոցում, և, ըստ օրենսդրության, նրան չի կարելի ազատել զբաղեցրած պաշտոնից, սակայն աուդիտի արդյունքների համաձայն, հաստատությունում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել: Ըստ որում, նա ընդգծել է, որ բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպություններում աուդիտներ կանցկացվեն:
Ամիրյանը հայտնել է նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կցրվի, փոխարենը նոր կառույց կստեղծվի: