Արմինֆո.Հայաստանը չի օգտագործում Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման համար գոյություն ունեցող հնարավարությունները՝ Երևանի ինքնուրույն արտաքին քաղաքականության լիակատար բացակայության պատճառով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Օրինակ՝ Երևանը, անշուշտ, կարող էր փորձել օգուտ քաղել Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերջին վատթարացումից, սակայն, անհասկանալի պատճառներով, դա այդպես էլ չի արվել: Հանուն արդարության, այստեղ կարելի է նշել այլ գլոբալ գործոններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը և Իրանը»,- նշել է նա:
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այսօրվա այցն Ադրբեջան՝ վերլուծաբանը չի բացառել Բաքվի կողմից «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգի ձեռքբերման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը, ինչը, ըստ նրա, անհանգստացնում է կովկասյան ողջ տարածաշրանի երկրներին:
Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում՝ փաստաթղթերի փաթեթ ստորագրելու նպատակով: Մի շարք փորձագետների կարծիքով, Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել «Երկաթյա գմբեթ»՝ Հայաստանի «Իսկանդերները» չեզոքացնելու նպատակով, թեև հակահրթիռային պաշտպանության այդ իսրայելական համալիրները «Իսկանդերներին» դիմակայել չեն կարող:
Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոհենը նշել է Նեթանյահուի Բաքվի այցելության կարևորությունը՝ հայտնելով ստորագրման պատրաստվող փոխըմբռնման հուշագրի մասին, ինչի շրջանակներում Իսրայելը պարտավորվում է ժամանակակից սարքավորում և անվտանգության համակարգեր մատակարարել Ադրբեջանին: «Ադրբեջանի ԱԱՆ հետ պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսադը կհամագործակցի Բաքվի հետ՝ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, հեղաշրջումների կանխման հարցում: Այդ առնչությամբ մշտապես Բաքվում կգտնվեն Մոսադի փորձառու սպաները»,- հայտնել է Քոհենը:
Մեկնաբանելով Ադրբեջանին իսրայելական սպառազինությունների մատակարարումները՝ Սաֆարյանը Բաքվի սանձազերծած սպառազինությունների մրցավազքի ամենասկզբից Հարավային Կովկասի ռազմականացման դեմ հայկական քաղաքականության ճշմարտացիության համոզմունք է հայտնել: Նա, ցավոք, նշել է, որ դա չի արվել, փոխարենը Հայաստանն, այնուամենայնիվ, ներքաշվել է հայկական շահերին հակասող սպառազինությունների մրցավազքի մեջ:
2007 թվականին Իսրայելի և Ադրբեջանի միջև $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման շուրջ պայմանագիր է կնվել՝ անօդաչուների, ռադարների, հակատանկային հրթիռների, ականանետերի, գիշերային տեսանելիության սարքերի և այլ ռազմական սարքավորումների: