Արմինֆո. Ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կատարվում Ադրբեջանի մեղքով: Այդ մասին Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ որում, նախարարը նշել է, որ միաժամանակ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, աղավաղել իրականությունը, որպեսզի խուսափի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից:
«Վիեննայում հանդիպումից հետո Բաքվում հայտարարեցին, որ այն, ինչի մասին խոսում են համանախագահ երկրների նախարարները, նրանց անձնական կարծիքն է։ Հնարավոր է՝ Բաքվում չէին մտածում, որ մեկ ամիս անց անհարմար իրավիճակում կհայտնվեն, երբ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո նոր հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով, որում հաստատվում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը կողմնակցությունը: Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում»,- հարց է տվել Նալբանդյանը:
Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Վիեննայի հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռքբերվել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ:
Նալբանդյանը նշել է, որ համանման իրավիճակ էր ստեղծվել նաև 2015 թ. դեկտեմբերին Բեռնի հանդիպումից հետո։ «Այդ ժամանակ հանդիպումից հետո հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները աջակցում են միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծմանն ուղղված համանախագահների ջանքերին: Ադրբեջանից անմիջապես հայտարարություն հնչեց, թե պայմանավորվածություններ չկան։ Բայց ինչպե՞ս ստացվում, որ բոլորը մի բան են հասկանում, իսկ Ադրբեջանում՝ այլ բան»,–նշել է Նալբանդյանը։ Բացի այդ, դեռևս սեպտեմբերին համանախագահներն Ադրբեջանին կոչ են արել անել այն, ինչ Հայաստանն է անում՝ համաձայնել հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյանը նշել է նաև, որ հունիսի 3-ին համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում հայտնել են, որ հունիսի 2-ին և մայիսի 31-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում կողմերին երկու նախագիծ են փոխանցել, որոնք առնչվում են միջադեպերի հետաքննության մեխանիզմներին և դեսպան Կասպրշիկի թիմի ընդլայնմանը:
«Ստացվում է, որ միջնորդներն ինչ-որ բան են մշակել՝ գոյություն չունեցող համաձայնությունների հիման վրա՞: Ցավոք, Բաքուն մերժել է այդ նախագծերը և մինչ օրս պնդում է, որ խոսքը վերաբերել է «հայկական զորքերը դուրս բերելուց հետո» պայմանավորվածությունների կատարմանը: Սա վկայում է իրականությունը կեղծելու Ադրբեջանի փորձերի մասին»,- նշել է Նալբանդյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը նման դիրքորոշում է ցուցաբերում նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման հարցում: