Արմինֆո. Հայ հասարակությունն արմատական քաղաքական հայացքներով ուժեղ, խարիզմատիկ առաջնորդների կարիք ունի: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա ասելով, այդ մասին են վկայում հասարակական տրամադրությունները, որոնց ականատես եղանք հուլիսյան իրադարձությունների ժամանակ («Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումը - խմբ): Ընդ որում քաղաքագետը համոզված է, որ երկրի ներսում նման գործընթացների են հանգեցրել իշխանությունների գործողությունները, որոնք բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մարգինալացրել են երկրի քաղաքական ուժերը: «Համոզված եմ, որ տառացիորեն մեկ ամիս անց Հայաստանում կաշխուժանան հետաքրքիր, բուռն գործընթացներ, քանի որ կսկսվի նախընտրական քարոզարշավ: Բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն ձևով կփորձեն մասնակցել այդ գործընթացներին», - նշել է Մինասյանը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ դրա վկայությունն է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որոմ նա շոշափել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և «Սասնա Ծռերի» գործողությունների թեմաները:
Փորձագետի ասելով, Քոչարյանի այդ հարցազրույցը բավականին ժամանակին էր, նա կարողացավ անհրաժեշտ դադար պահպանել, սպասել, մինչև կրքերը հանդարտվեն, և հայտնեց իր հստակ տեսակետը հայ հասարակության համար կարևոր այդ երկու հարցերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծել է, որ 2017 թվականի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները բացառիկ նշանակություն կունենան` սահմանադրական բարեփոխումների առնչությամբ:
Մինասյանը նաև չի բացառել քաղաքական կոալիցիաների ստեղծման հնարավորությունը` այս կամ այն արդյունքի հասնելու նպատակով: «Այսօր հետխորհրդային տարածքում մենք տեսնում ենք այնպիսի ֆենոմենի դրսևորում, երբ տարբեր քաղաքական ուժեր միավորվում են ոչ թե ընդհանուր գաղափարախոսության, այլ այս կամ այն նպատակի իրագործման տեխնիկական մեխանիզմների շուրջ», - եզրափակել է փորձագետը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանարական հանրաքվեի արդյունքում Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական ձևի, ուստի, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվելու է, փաստորեն, Հայաստանի նոր ղեկավար: