Արմինֆո. ԳԴՀ կառավարությունը մեկնաբանել է Der Spiegel-ի տեղեկատվությունն այն մասին, թե իբր կառավարությունը մտադիր է հրաժարվել Հայոց ցեղասպանության վեաբերյալ Բունդեսթագի բանաձևից: ՙԳերմանական Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի արտահայտվել ցանկացած թեմայի շուրջ, երբ դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում և պաշտպանում է գերմանական խորհրդարանի այդ ինքնիշխան իրավունքը՚,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը՝ մեկնաբանելով Der Spiegel-ի տեղեկությունն այն մասին, որ նախարարների կաբինետը պատրաստ է զիջումներ անել Թուրքիային և հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից, հայտնում է DW-ն:
Նա նաև ընդգծել է, որ կառավարությունն իշխանության մեկ այլ մարմնի գործերին միջամտելու և վերջինիս գործողությունները որևէ կերպ գնահատելու լիազորություններ չունի: Ըստ որում, Զայբերտն ավելացրել է, որ Բունդեսթագի բանաձևն իրավաբանական պարտադիր ուժ չունի:
Առանձին հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը, որը ճշգրտել է, որ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ է աջակցել բանաձևին: Այդ նույն օրն արտգործնախարար Շտայնմայերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարել է. ՙԲունդեսթագը լիակատար իրավունք ու ազատություն ունի իր տեսակետն արտահայտելու քաղաքական հարցերի շուրջ՚: Սակայն, նրա խոսքով, Բունդեսթագում նշել են, որ ՙոչ բոլոր բանաձևերն իրավաբանական ուժ ունեն՚: Այս հարցի առնչությամբ կառավարության դիրքորոշման մասին Շտայնմայերը լռել է:
Ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ՚ կատարել Թուրքիայի նկատմամբ և հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձևից, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ՙցեղասպանություն՚ են որակվում: ՙԳԴՀ ԱԳՆ-ը և Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հանդես կգա հայտարարությամբ այն մասին, որ բանաձևի ընդունումը «պարտադիր ուժ չունի կառավարության համար՚, սակայն «Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է՝ առանց իրավական նշանակության՚,- հայտել էր պարբերականը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: