Արմինֆո. Պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին և ցուցանմուշներին։
Հյուրերը գրառում են կատարել թանգարան ինստիտուտի հուշամատյանում։