Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ՌԴ-ից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արտաքսման առնչությամբ տեղեկատվության չի տիրապետում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ՌԴ-ից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արտաքսման առնչությամբ տեղեկատվության չի տիրապետում

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Ռուսաստանից ՀՀ քաղաքացի Ստեփան Գրիգորյանի արտաքսման առնչությամբ տեղեկատվության չի տիրապետում: ՙՄենք որևէ հարցում չենք ստացել քաղաքացի Գրիգորյանի արտաքսման առնչությամբ: Հենց որևէ տեղեկություն ստացվի ձեր հնչեցրած հարցի վերաբերյալ, մենք կկապվենք ձեր հետ՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:

 

Նախօրեին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 30-ին՝ 08:00-ին, ժամանել է Շերեմետևո օդանավակայան, սակայն չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի տարածք, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի առկայության պատճառով:

 

Ստեփան Գրիգորյանը Մոսկվա էր մեկնել 2014թ Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ ՙԻնձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր արվում «ՌԴ մուտք գործելու կարգի մասին՚ դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին: Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում որևէ գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը /Հայաստան/ ակտիվորեն համագործակցում է եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և տարբեր ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում՝ հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի՚,- Facebook-ի իր էջում գրել է Գրիգորյանը:

 

Ըստ որում, նա նշել է, որ նույն օրն արտաքսվել է Հայաստան: Նրա խոսքով, ավելի ուշ պարզվել է, որ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, ներկայումս ինքն իրավունք ունի մուտք գործել Ռուսաստան:

 

ՙ2016 թ. օգոստոսի 30-ին դիմել եմ ՀՀ ԱԳՆ՝ իմ իրավունքների պաշտպանության նպատակով։ Մի քանի օր կսպասեմ պատասխանի, որից հետո սեփական քայլերը կձեռնարկեմ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար՚,- գրել է Գրիգորյանը:  Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանություններ ստանալ ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1141
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի