Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Մարիաննա Մկրտչյան

Զախարովա. Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները

Զախարովա. Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները

ԱրմԻնֆո: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խորհրդակցությունները:

 

Ինչպես օգոստոսի 31-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսված է նաև նրանց հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ:

 

ՙՔննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Ենթադրվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվելու մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարներին: Դրանք կլինեն պլանային խորհրդակիցություններ, որոնք պարբերաբար անցկացվում են Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ երեք երկրների ջանքերի համակարգման նպատակով՚,- տեղեկացրել է Զախարովան:

 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: Հիշյալ հանդիպումներից հետո Ֆրանսիան ընթացիկ տարվա օգոստոսին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2224
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի