Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անընդունելի է համարում, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այդպիսի կարծիք է նա հայտնել օգոստոսի 27-ին Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր աշխատանքային այցի ժամանակ:
«Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում և տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ և չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելիե,-ասել է նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է և՛ մարդկանց, և՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որևէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից՚,-նշել է հանրապետության նախագահը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:
Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու: «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները՚,-դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է հանրապետության նխագահը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով: